ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԶԴՆ ԱՆՎԱՎԵՐ ՉԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԻ»

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԶԴՆ ԱՆՎԱՎԵՐ ՉԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԻ»
09.02.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործընթացում մինչ այժմ արված քայլերն ու դրանց հետևանքները:
-Գործող իշխանություններն իրենց լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում բարձրացնելու համար դիմեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու քայլին: Ամբողջ համատեքստից բխում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ուղղված է սահմանի բացմանը և ածանցյալ արդյունքներին: Սահմանի փակման պատճառը եթե վերանար, սահմանը կբացվեր, և կարիք չէր լինի դիմելու ոչ հայանպաստ հեռանկարներ ունեցող լուծումների, գոնե կարելի էր ինչ-որ չափով ապահովագրված լինել դրանցից: Իսկ հայ-թուրքական արձանագրությունները շատ լուրջ թերություններ ունեն, որպես իրավական, քաղաքական, դիվանագիտական փաստաթղթեր շատ անկատար են:
-Ձեր կարծիքով` Սահմանադրական դատարանի վճիռն իրավիճակին համարժե՞ք էր:
-Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ իրավական տեսակետից որոշումը լավագույններից մեկն է ոչ միայն Հայաստանի ՍԴ-ի, այլև միջազգային փաստաթղթերի սահմանադրականությունը գնահատող նմանատիպ փաստաթղթերի շարքում: Կարծում եմ` այս որոշումը կարող է ուղեցույց լինել միջազգային փաստաթղթերի սահմանադրականությունը գնահատելու առումով:
-ՍԴ-ի պրեամբուլան և վերդիկտը միմյանց չե՞ն հակասում:
-Ո՛չ, բոլորովին, դրանք փոխկապակցված են, և համոզված եմ, որ շտկել են այն թերությունները, տարընկալումների բացասական ռեսուրսը, որ պարունակում էին արձանագրությունները: Իհարկե, արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը` այն բոլոր մեկնաբանություններով, որ շեշտադրել է ՍԴ-ն:
-Հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ընդամենը սահմանի բացո՞ւմն է, թե՞ ավելի լուրջ խնդիրներ կան: Ի վերջո, չե՞նք հանգելու պահանջատիրությանը:
-Ժամանակն է, որ տարածաշրջանում հաստատվի երկար սպասված խաղաղությունը, առանց այդ խութերը հաղթահարելու տարածաշրջանը չի կարող խաղաղության փուլ թևակոխել: Ի վերջո, շատ ավելի էժան է բարեկամություն անելը, քան դանակ սրելը: Կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, բայց այսօր օրակարգում չկա պահանջատիրության խնդիրը, չկա ցեղասպանության համար մեր հարևանին ներելու խնդիրը: Ինչ-որ տեղ նաև ճիշտ է, որ օրակարգում նման խնդիրներ չկան: Խաղաղության անհրաժեշտությունն ու օրակարգում այդ խնդիրների չլինելը պետք է դիտարկել մեկ հարթության մեջ: Կլինեն` կքննարկենք: Առանց ներողամտություն հայցելու ներում լինել չի կարող:
-Բայց հայ ժողովրդի մեծ օրակարգում այդ խնդիրները կան, չէ՞: Երկու կողմերն էլ խնդրի գոյությունը գիտակցում են ու շրջանցում:
-Բնության մեջ փաթեթային լուծումներ գոյություն չունեն: Մենք մտածում ենք փաթեթային լուծման մասին, բայց յուրաքանչյուր փուլից հետո ավելի տեսանելի է լինում հաջորդ փուլը: Այս փուլում հարաբերությունների հաստատումը բավարար է հաջորդ գործընթացներին անցնելու համար:
-Թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ ինքն առանց նախապայմանների է գնում հարաբերություններ հաստատելու, բայց որպես նախապայման առաջ է քաշում ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին...
-Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեին, կարիք չէր լինի զիջումների գնալու, և մեր հարևանը դիվանագիտական հնարքներ բանեցնելու տեղ չէր ունենա` փորձելով առավելագույնը կորզել, երբ այս թնջուկը լուծման հեռանկար կունենար:
-Ի՞նչ հեռանկար կարող է թնջուկը ունենալ. ադրբեջանական կողմն անընդհատ սպառնում է հարցը պատերազմի ճանապարհով լուծել, հայկական կողմը խաղաղ բանակցությունների ճանապարհն է որդեգրել։ Հնարավո՞ր է, որ ստատուս քվոն ևս 10 տարի չխախտվի` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն:
-Ես «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրողության կողմնակիցներից չեմ։ Լինելով պատերազմի միջոցով մեր իրավունքների պաշտպանությանը մասնակցած անձ` չեմ կարծում, որ դա ճիշտ լուծում է: Մենք խաղաղության հաստատման դեպքում շատ ավելի հեռուն կգնայինք, որակապես ու քանակապես այլ խնդիրներ կլուծեինք: Այսօր աշխարհը չի ընկալում ռազմատենչ երկրներն ու դրանց լիդերներին: Ադրբեջանի համար խաղ ու պար չէ Հայաստանի հետ պատերազմելն ու իր հայտարարած նպատակներին հասնելը:
Նույնիսկ այսօրվա իրավիճակում մենք շատ լուրջ հակառակորդ ենք: Հարցը պատերազմով լուծելու ուղին բոլորովին ճիշտ ուղի չէ: Մենք այս առումով առավելություն ունենք: Մեր կուսակցությունն էլ բազմիցս հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Մեզ համար լուծումը պետք է լինի ոչ թե փոխզիջումային, այլ փոխշահավետ, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծվի և պատերազմի վերսկսման վտանգներ հետագայում չպարունակի:
-Ի՞նչ է նշանակում փոխշահավետ լուծում:
-Որևէ տարբերակ առանձնացնելուց ձեռնպահ կմնամ, սակայն վստահ եմ` կողմերից յուրաքանչյուրը պետք է մտածի, որ հակառակորդ կամ մրցակից կողմը չպիտի պարտվածի զգացում ունենա: Կողմերից յուրաքանչյուրը որոշակի զիջումների պարտադրված է, որպեսզի մյուս կողմն իր ձեռքբերումով բավարարված լինի, որպեսզի ոչ մի կողմը չընկալվի որպես պարտված։ Միայն այդ պարագայում է հնարավոր հասնել խաղաղության և այսքան միջոցներ չվատնել հակամարտությունն այս վիճակում պահելու համար:
-Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումները որոշակի արագություն են ձեռք բերել. խոսվում է շրջանակային համաձայնագրի մասին, նախագահների ամեն հանդիպումից փաստաթղթի ստորագրում է ակնկալվում: Իրականությանը համապատասխա՞ն են այդ ակնկալիքները:
-Չեմ կարծում, որ իշխանությունները ձգտում են խնդրի շուտափույթ լուծման, ավելի շատ իմիտացիա են անում: Որոշակի խնդիրներ ունի և ադրբեջանական կողմը, նրանք էլ շատ չեն ձգտում խնդրի լուծման` իմ տպավորությամբ: Ի վերջո, ադրբեջանական իշխանություններն էլ լեգիտիմ չեն: Շատ վատ է, որ այդ վիճակում է ընդդիմությունը, որ այդ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը, իհարկե, շատ ավելի շահեկան է ունենալ հարևան, որի երկրում մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են, որտեղ լեգիտիմ իշխանություն է գործում:
-Առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ԼՂՀ իշխանությունների վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ:
-ԼՂՀ իշխանությունների դուրս դրվելը բանակցություններից հայկական կողմի համար կորուստ է եղել։
-Կորո՞ւստ, թե՞ դիրքորոշում:
-Այո՛, սկզբում դիրքորոշում էր, բայց արագ ընկալվեց կորուստ լինելը, դեռ Ռոբերտ Քոչար-յանի վարչակարգը գիտակցեց: Չեմ պատկերացնում` ի՞նչ պարագայում Ադրբեջանը կհամաձայնի, բայց դա շատ ցանկալի է:
-Նաև ՀԱԿ-ի թեթև ձեռքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխարինեց Հայաստանի ներքին քաղաքականությանը, բոլոր ներքին խնդիրները մղվեցին երկրորդ պլան, և արտաքին խնդիրները դարձան օրակարգային: Դա ճի՞շտ մարտավարություն էր:
-Գուցե քաղաքական տեսակետից ՀԱԿ-ի ինչ-որ քայլեր իր համար այնքան էլ շահավետ չեն, սակայն, մեծ հաշվով, բխում են հայ ժողովրդի շահերից:
-Վստա՞հ եք, որ 2008-ից ի վեր կոնգրեսի համակիրների թիվը չի փոքրացել:
-Յուրաքանչյուր ընտրությունից հետո բոլոր մասնակիցները կորցնում են իրենց կողմնակիցների որոշակի տոկոս. դա օրինաչափություն է բոլոր երկրներում: Բարձր վարկանիշ ունեցող ցանկացած քաղաքական գործիչ իշխանության գալուց հետո կորցնում է նախկին դիրքերը: Այս պահին քաղաքական ակտիվությունը ցածր է, բայց, իմ դիտարկումներով, ժողովուրդը շատ դժգոհ է, և ընդդիմադիր տրամադրությունները նույնքան եռուն են, որքան էին մինչև մարտի 1-ը: Ժողովուրդը չի հավատում այս իշխանություններին, զգում է, տեսնում է, հասկանում է, որ իրեն խաբում են, թալանում են, անազնիվ են իր հետ, իսկ դա երբեք անհետևանք չի մնում:
-Իշխանություններին չհավատալը ցուցանիշ չէ, իշխանություններին չհավատացող ժողովուրդը պիտի այլընտրանք ունենա: 2008-ին ժողովուրդը հրապարակում ռեալ այլընտրանք տեսավ, հետո կորցրեց: Չասենք` դա լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է։ Դա փաստ է:
-Ես համաձայն չեմ, որ կորցրեց: Դա քաղաքական պայքարի ձև է: Ի վերջո, ՀԱԿ-ը երբեք չի հայտարարել իրեն միակն ու եզակին, կարող են հրապարակ գալ այլ ուժեր:
-2008-ից հետո մեծ ու փոքր բազում իրադարձություններ հավաստեցին, որ ոչինչ չի փոխվել: Երկրի շահի գիտակցությամբ` իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ փոխհարաբերությունների հաստատման ժողովուրդը վաղուց էր արժանի։
-Եվրոպական երկրների քաղաքական գործիչները, դիվանագետները Հայաստանի իշխանություններին քայլեր իրականացնելու կոչ արեցին, որից հետո ընդդիմությունը պատրաստ կլիներ բանակցությունների: Մենք ասացինք ավելին. այդ քայլերից միայն մեկի` քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում, պատրաստ ենք բանակցությունների: Գուցե մեր համակիրների զգալի մասն ավելին էր ուզում, բայց մենք պատրաստ էինք ընդունելու բանակցությունների առաջարկն այդ պայմանով, մեզ մեղադրելու հիմքեր չկան:
-Ձեզ չի՞ թվում, որ քաղբանտարկյալների առկայությունը փաստում է ընդդիմության հետ երկխոսություն սկսելու իշխանության անպատրաստ լինելը կամ նման ցանկության բացակայությունը: Երկխոսությունը պիտի թեմա ունենա, արդյունք, հետևանք։
-Իհարկե, երկխոսությունը պիտի օրակարգ ունենա: Բանակցությունների օրակարգը ենթադրում էր իշխանության որոշակի մասնաբաժնի զիջում ժողովրդի ներկայացուցիչներին: Օրենսդիր իշխանությունը` իբրև ներկայացուցչական մարմին, այսօր չի արտահայտում ժողովրդի քաղաքական տրամադրությունները: 2008-ին պարզվեց, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվել է` անգամ իրենց հայտարարած պաշտոնական թվերով, բայց օրենսդիր ու գործադիր իշխանությունը չի արտահայտում այդ հարաբերակցությունը, ուստի տեսականորեն ընկալվում է, որ երկխոսության օրակարգում այդ հարցը պետք է լինի:
-2008-ի մարտի 1-ից երկու տարի է անցել: Իշխանությունն այդ էջը փակել է, ընդդիմությունը` ոչ։ Փաստորեն ո՛չ իրավական, ո՛չ մարդկային, ո՛չ հոգեբանական, ո՛չ քաղաքական դաշտում մարտի 1-ը չի բացատրվել:
-Ես համաձայն եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ, որ մարտի 1-ը էջ չէ, որ փակես կամ բաց պահես, համաձայն եմ նաև, որ ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ իրավական դաշտում ոչինչ պարզված չէ: Հակառակը` արվածը միայն սրել է, մեծացրել է մարդկանց կսկիծը: Պարզ, բնական, մարդկային հարաբերությունները պետք է տեղափոխվեն այդ հարթություն: Իշխանությունների կողմից ոչ ոք զոհերի հարազատներին որևէ բարոյական, հոգեբանական օգնություն չի փորձել ցույց տալ, չի փորձել սփոփել, բայց զոհվածների կյանքի համար պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն էր... Դա էջ չէ, որ փակես, շրջես, դրա հակառակ կողմը ընդդիմությունը չէ, ժողովուրդն է: Արդարության ընկալումը հավաքական բնազդային դրսևորում է, որպես հասարակական էակ մարդն արդարության բնազդ ունի, չես կարող դա անվավեր հայտարարել:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ